Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անհրաժեշտ է նոր քաղաքական կոալիցիա

Անհրաժեշտ է նոր քաղաքական կոալիցիա
22.02.2013 | 00:47

Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդները, այն մեկ քայլ առաջ էր, մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզնից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքը անցած հինգ տարում իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էր: Ասել, թե երկրորդ տեղն զբաղեցրած ընդդիմադիր գործչի 40 տոկոս քվեն երկրի ժողովրդավարացման արդյունք է, կնշանակի չտեսնել կամ չտեսնելու տալ հասարակության մեջ տեղի ունեցող իրական գործընթացները: Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, իրականում ավելի քիչ համակիրներ ունի, սակայն տվյալ դեպքում խնդիրն ամենևին էլ նրա անձը չէ, այլ այն, որ խաղատախտակի մի կողմում կարծրացած համակարգն է, որը բավականին իներտ է փոփոխությունների նկատմամբ, մյուս կողմում` ժողովրդի ստվար զանգվածը, որը օր առաջ արմատական փոփոխություններ է ակնկալում: Արմատական փոփոխություններ և ոչ թե տարիներ ձգվող բարեփոխումներ: Փոփոխություններ, որոնց մասին ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր նաև Սերժ Սարգսյանը` ամփոփելով դրանք «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսում: Սակայն հեղինակազրկված կադրերով, Հայաստանի տնտեսությունը քամող օլիգարխներով և միայն ՀՀԿ ռեսուրսով անհնար է այդ փոփոխություններն իրականացնել: Անհրաժեշտ է քաղաքական հարթակից հեռացնել կամ գոնե երկրորդ պլան մղել այդ ամբողջ «հնոտին»` փոփոխություններ իրականացնելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է փոխել անկարող և կոռումպացված որոշ մարզպետների և շատ այլ չինովնիկների, փոփոխություններ իրականացնել հատկապես հարկային, մաքսային, դատական ոլորտներում: Այս և մնացած շատ ու շատ կարևոր հարցերի շուրջ անհրաժեշտ է համաձայնության դաշտ ձևավորել իրապես առողջ, չվարկաբեկված ուժերի հետ և երկիրը դուրս բերել բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական ու մշակութային լճացումից:
Հետընտրական գործընթացները փայլուն հնարավորություն են ստեղծել ձևավորելու նոր կոալիցիա` ավելի բարեկիրթ և չհեղինակազրկված ուժերի հետ (նկատի ունեմ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին), իրականացնելով այդքան սպասված փոփոխությունները, որոնք տեսանելի կլինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն:
Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի քաղաքական փորձառությունն ու ապահով Հայաստան տեսնելու նրանց ցանկությունը` մի կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգության» անկեղծ ու սրտացավ մոտեցումները` մյուս կողմից, կնպաստեն նոր քաղաքական կոալիցիայի ստեղծմանը:


Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ